Այս օրերին ՀՀ կառավարությունը, ի դեմս ՊԵԿ-ի, պատրաստվում է Ազգային ժողով ներկայացնել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով նախատեսվում է.
- ՀԴՄ-ների կիրառության համար սահմանված կանոնների խախտումները արձանագրելու նպատակով օգտագործել նաև տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքեր,
- ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվության միջոցները կիրառել նաև երրորդ կողմի հետ իրականացված դրամական հաշվարկների դեպքում,
- կրկնապատկել ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվության միջոցները, դիցուք՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տարվա մեջ 1-ին խախտման համար տնտեսավարող սուբյեկտը տուգանվելու է 300.0 հազ. դրամի չափով:
2018թ-ի հուվարի մեկից հարկային հսկողության շրջանակներում կանխիկ դրամով դրամական հաշվարկներ իրականացնելու պահին և վայրում ՀԴՄ-ի բացակայության, ինչպես նաև ՀԴՄ-ների կիրառության համար սահմանված կանոնների խախտումների (այդ թվում՝ երրորդ կողմի հետ իրականացվող դրամական հաշվարկների դեպքում) փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար կարող են կիրառվել տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքեր, որոնց միջոցով ամրագրած տեսանյութը կամ լուսանկարը հանդիսանալու է խախտումը հիմնավորող ապացույց: