Հոդվածներ
Պարզաբանումներ «1000 դրամների» օրենքի վերաբերյալ. պատասխանում է ԿԲ-ի մասնագետը
Փետրվար 14 , Երեքշաբթի 2017

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»  կամ ինչպես ավելի տարածված է՝ «1000 դրամների» օրենքի վերաբերյալ մեր նախորդ հոդվածում անդրադարձել ենք հաշվապահների մտահոգություններին, որից հետո ընթերցողներից ստացել ենք հարցեր։

Այդ և «Հետք»-ի այլ հարցերի պատասխանում է ՀՀ Կենտրոնական բանկի  (ՀՀ ԿԲ) Իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը։ Հիշեցնենք, որ ԿԲ-ն օրենքի հեղինակներից է և հանդիսանում է նշված օրենքի շրջանակներում ստեղծված Հիմնադրամի կառավարիչը։

- Եթե զինծառայողի ընտանիքի անդամը կամ անդամները պայմանագրով աշխատողներ են, ապա վճարելու՞ են նշված 1000 դրամը, թե՞ ոչ։

- Օրենքը սահմանում է, որ եթե ընտանիքն ունի ժամկետային զինծառայող, կամ զինծառայող, որը զոհվել է ժամկետային ծառայության ժամանակ, ապա ունի արտոնություն։ Այդ ընտանիքի աշխատող անդամները տարվա ընթացքում վճարում են այդ 1000 դրամները։ Իսկ հաջորդ  տարվա սկզբում՝ հունվար-փետրվար ամիսներին, իրենք վերցնում են համապատասխան տեղեկանք, որ իրենց որդին տվյալ ամիսներին ծառայել է և հարկայինից տեղեկանք, որ այդ ընթացքում իրենք կատարել են վճարումները։ Հետո այդ ամենը ներկայացնում են Հիմնադրամ (օրենքի շրջականերում ստեղծված Հիմնադրամը-հեղ.), որը կարճ ժամանակ անց հետ է վճարում այդ գումարները նշված անձանց։

Նաև լինում են դեպքեր, երբ քաղաքացին զորակոչվում է, բայց մի քանի ամիս անց զորացրվում է։ Կամ ծառայության վերջին ամիսներն և տարվա, օրինակ, մինչև մայիս ամիսն է ծառայում։ Այսինքն՝ ծառայել է հինգ ամիս։ Իր ընտանիքի անդամները պարտավոր չեն վճարել այդ հինգ ամիսների 1000 դրամները։ Տեղեկանք կվերցնեն, որ հինգ ամիս իրենց որդին ծառայել  է բանակում և հետ կստանան իրենց գումարը։

- Դա` ժամկետային զինծառայողի ընտանիքի անդամների դեպքում։ Իսկ պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամները չե՞ն օգտվում այդ արտոնությունից։

-Ոչ։ Նրանք վճարում են։

- Եթե քաղաքացին աշխատում է, ենթադրենք, երեք  գործատու մոտ, երեքի դեպքում էլ գանձվում է ամսական 1000 դրամ։ Օրենքը սահմանում է, որ տարվա վերջում նա պետք է տեղեկանք ներկայացնի, որ իրենից գանձված 36 հազար դրամից 24 հազար դրամը վերադարձվի։ Դրանով աշխատակիցը նախ հնարավորություն չի ստանում տարվա ընթացքում կառավարել իր 24 հազար դրամը և երկրորդ՝ հետ ստանալու գործընթացը լրացուցիչ ժամանակ է իրենից խլելու։ Ինչու՞ աշխատակիցը չի կարող տարվա սկզբում նախապես ներկայացնել իր փաստաթղթերը, որպեսզի միայն մեկ դեպքում գանձվի այդ գումարը։

- Այս օրենքը մշակելիս հաշվի է առնվել, որ մեր երկրում մոտ 500 հազար աշխատող կա՝ չհաշված ինքնազբազվածները և գյուղատնտեսությամբ զբաղվողները։ Այդ 500 հազար աշխատողներին հետևելը՝ որտեղից վճարեցին, երբ վճարեցին և այլն, կարող է մղձավանջ դառնալ։ Կան սեզոնային աշխատանքներ կատարողներ, ժամավճարով և այլն։ Այդ դեպքում չվճարողների թիվը շատ մեծ կլինի, քանի որ մարդկանց մոտ էլ շփոթություններ կառաջանան։ Պատկերացրեք, թե ինչքան ծախս պետք է կատարեն համապատասխան մարմինները վճարումներին հետևելու համար. ամեն 1000 դրամի հետևից հարկային տեսուչը պիտի գնա։ Այդ պատճառով էլ այս ռեժիմն է սահմանվել։

- Իսկ հնարավոր չէ՞ այդ ամենը օնլայն ռեժիմով կարգավորել ու ռեսուրսներ խնայել։

- Ծրագրեր ունենք հետագայի համար։ Քննարկում ենք մեր գործընկերների հետ՝ ստեղծելու մի համակարգ, որ այս ամենը կարգավորվի օնլայն տարբերակով։ Սակայն դա ժամանակ և ծախսեր է պահանջում։ Դրա ՏՏ լուծումը պահանջում է մի քանի միլիոն դոլար։ Ես, իհարկե, համաձայն եմ ձեր արգումենտի հետ։ Ժամանակի ընթացքում միջոցներ պետք է ձեռնարկենք, բայց այս պահին դա հնարավոր չէ։

- Հարցեր ունեն նաև անհատ ձեռնարկատերերը։ Նրանք պետք է ամեն ամի՞ս 1000 դրամ վճարեն, թե՞ 12 000 դրամը միանգամից։

- Սա ավելի շատ հարկային մարմնին վերաբերող հարց է, սակայն որքանով որ գիտելիքս կների, կպատասխանեմ։ Եթե անհատ ձեռնարկատերը եկամուտ է ստացել տարվա ընթացքում, պետք է ամեն ամսվա համար տարվա վերջում միանգամից 12 հազար դրամը վճարի։ Իսկ եթե ամսական վճարի այդ 1000 դրամը, ենթադրվում է, որ դա պետք է դիտարկվի որպես կանխավճար բյուջեի նկատմամբ։ Անհատ ձեռնարկատերերը այդ 12 հազար դրամը պետք է վճարեն այն ժամանակ, երբ վճարում են իրենց եկամտային հարկը։

- Եթե շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռնարկատերը նշված ամսում եկամուտ չի ստացել, միևնույն է, նա պետք է ամսական 5000 դրամը վճարի։ Այս 1000 դրամների դեպքու՞մ էլ է այդպես:

- Ոչ։ Եթե եկամուտ չեն ստանում, 1000 դրամները չեն վճարում։

- Ընթերցողի համար նշենք, որ ըստ այս օրենքի՝ եթե տվյալ անձի աշխատավարձը չի գերազանցում երկրում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի շեմը, ապա նրա փոխարեն վճարում է գործատուն։ Եթե հաստիքային աշխատողների ու ժամավճարով աշխատողների դեպքում նվազագույն աշխատավարձ հասկացությունը պարզ է, առաջինի դեպքում 55 հազար դրամ, երկրորդի՝ 330-550 դրամ, ապա՝ գործավճարով աշխատողների դեպքում անհասկանալի է։  

Նրանց պարագայում ինչպե՞ս է որոշվելու՝ աշխատակիցն է վճարելու, թե՞ գործատուն։

- Ծառայությունների մատուցման պայմանագրի տրամաբանությունն է գործելու։

- Կոնկրետ օրինակով խոսենք։ Ենթադրենք` աշխատակիցն ու գործատուն պայմանագիր են կնքել, որ յուրաքանչյուր x աշխատանքի համար գործատուն վճարում է 20 հազ. դրամ։ Աշխատակիցն ամսվա ընթացքում 2 նման աշխատանք է կատարել և ամսվա վերջում նրա աշխատավարձը կազմել է 40 հազ. դրամ։ Նրանից 1000 դրամ գանձվելո՞ւ է, թե՞ ոչ։

- Այդ դեպքում նրա աշխատավարձը ավելի փոքր է, քան օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձն է՝ 55 հազ. դրամը։ Նշանակում է, որ այդ դեպքում աշխատակցի փոխարեն գործատուն պետք է վճարի։

- Իսկ եթե ժամավճարով աշխատողի համար պայմանագրում նշված է, որ նրա աշխատանքի մեկ ժամը գնահատվում է 5000 դրամ, այսինքն՝ ավելի բարձր, քան սահմանված 330-550 դրամ շեմն է։ Նա աշխատել է ամսվա ընթացքում 8 ժամ և ամսվա աշխատավարձը կազմել է 40 հազար դրամ։ Այս դեպքում 1000 դրամը նրանի՞ց է գանձվելու, թե՞ գործատուից։

- Քանի որ նրա աշխատանքի մեկ ժամը, փաստորեն, գերազանցում է նվազագույն աշխատավարձն, ապա անկախ ամսվա վերջում կազմված գումարից, նրանից է գանձվում։

- Մեր ներկայացրած օրինակներում երկու դեպքում էլ աշխատավարձը կազմել է 40 հազար դրամ, սակայն գործավճարով աշխատողի համար վճարում է գործատուն, իսկ ժամավճարով աշխատողը ինքն է վճարում։ Չե՞ք կարծում, որ անհավասար պայմաններ են սահմանված։

- Օրենքը մշակելիս պետք է ինչ-որ մի պայման դնեինք։ Կամ պետք է լիներ նվազագույն աշխատավարձը, որը մեր երկրում երկու մասի է բաժանված՝ ամսական և ժամային, կամ մեկ ընդհանուր շեմ սահմանել ու ասել՝ անկախ նրանից թե ժամավճարով է, գործարքային, թե գործավճարով է, եթե աշխատավարձը 55 հազար դրամը չի գերազանցում, վճարում է գործատուն։ Բայց չէ որ այդ ժամանակ էլ գործատուների վրա էր մեծ բեռ դրվում։ Ինչպես նաև պետության վրա, որը ևս խոշոր գործատու է։ Լավագույն տարբերակ չկա. կան տարբերակներ։ Կողմ և դեմ կարծիքներ միշտ լինում են։ Գուցե այս դեպքում կա անհավասարություն, բայց այլ դեպքերում էլ գործատուի վրա էր լինելու բեռը։

- Ենթադրենք, նույն մարդը երեք գործատուի մոտ ունի աշխատանքային պայմանագիր, երեքով էլ ստանում է  նվազագույն աշխատավարձ։ Ինչպե՞ս կողմոնորոշվել՝ երեք գործատուներից ո՞րը պետք է վճարի նրա համար։

- Փաստորեն, երեք գործատուներն էլ պետք է վճարեն։ Լավ հարց եք տալիս։ Համաձայն եմ` օրենքի այդ մասը բաց է։ Գուցե, պետք է որևէ չափանիշ սահամանվի՝ մեկ գործատուից գանձվի վճարը, մյուսներից՝ ոչ։ Հարկավոր է չափանիշներ սահմանել, թե որ գործատուի դեպքում  պետք է գանձվի։

- Իսկ արձակուրդային վճարների պարագայում գանձվու՞մ է 1000 դրամ, թե՞ ոչ։ Կամ, երբ աշխատակիցը գտնվում է արձակուրդում երեխայի խնամքի համար, նրանց գանձվելո՞ւ է։

- Եթե երեխայի խնամքի համար գտնվում է արձակուրդում և եկամուտ չի ստանում այդ ամիսներին, նրանից չի գանձվում։ Եթե գտնվում է արձակուրդում, բայց ամեն ամիս ստանում է արձակուրդային վճար, ապա գանձվում է։ Ցանկացած դեպքում սկզբունքը հետևյալն է՝ գանձվում է, եթե այդ ամիս եկամուտ է ստացել, և եթե աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի շեմը։ Եթե չի գերազանցում, նրա փոխարեն վճարում է գործատուն։

- Այս տարվանից արդեն օրենքն ուժի մեջ է։ Հունվար ամսվա համար վճարումները կատարվում են։ Արդեն հայտնի՞ է՝ որքան գումար է հավաքագրվել։

- Ինչպես հարկային վճարումների, այնպես էլ այս դրոշմանիշային վճարի դեպքում նշված ամսվա վճարները պետք է կատարվեն մինչև հաջորդող ամսվա քսաներորդ օրը։ Ըստ հարկայինի ուսումնասիրության՝ հարկատուների 10%-ը, սովորաբար, վճարումները կատարում է մինչև ամսվա տասներորդ օրը, իսկ մնացած 90%-ը՝ մինչև քսաներորդ օրը։ Այսինքն, որքան է հավաքագրվել հունվար ամսվա համար, մենք կարող ենք հասկանալ մոտավորապես փետրվարի 25-ին։ Հետագայում այդ ցուցանիշները բոլորն էլ կարող են տեսնել, երբ գործարկենք Հիմնադրամի պաշտոնական կայքը։ Առաջիկայում արդեն կայքը հասանելի կլինի։

- Իսկ 1000 դրամները չվճարողի համար տուգանքներ սահմանվու՞մ են։

- Ոչ, տույժեր չկան։ Հարկայինն, իհարկե, պետք է իր վարչարարությունն իրականացնի, սակայն դրանց համար տուգանքներ չեն սահմանվում։ Օրինակ՝ տվյալ անձի հաշիվները կարող են արգելանքի տակ դնել։ Տույժ հաշավարկելն ու գանձելը ևս հարկային վարչարարություն է, որը լրացուցիչ ծախսեր կպահանջեր։ Այդ պատճառով էլ տույժեր չեն սահմանվում։ Մեզ համար այս օրենքի առանցքներն հետևյալն են՝ համակարգը պետք է լինի պարզ, յուրքանչյուր աշխատողի մասով լինի և հարկային վարչարարությունը նվազագույնի հասցվի։

- Տեսակետ կա, որ եթե այս համակարգը կամավոր լիներ, ավելի շատ կգումարվեր։ Այս մասով ուսումնասիրություններ արվե՞լ են։

- Ապրիլյան պատերազմից ցայսօր ամբողջ հայությունը՝ ներառյալ Սփյուռքը, հավաքագրվել է 12 մլն դոլար` զինծառայողների ընտանիքների օգնելու համար։ Այս համակարգի ներքո մենք պլանավորել ենք միայն տարեկան այդքան հավաքել։ Այսինքն՝ կամավորի դեպքում մենք այդքան հուսալիություն չենք կարող ունենալ։ Եվ արդյոք ես կարո՞ղ եմ զինծառայողի ընտանիքին ասել՝ կհավաքվի, կտանք։ Մինչ հիմա այս ամենը կատարվել է տարբեր խմբերի ու անձնական նախաձեռնությունների միջոցով։ Իսկ պետությունը չի կարող կամավորի վրա հույս դնել։ Մենք երկարաժամկետ՝ 20 տարի ժամկետով, ծրագիր ենք մշակել։ Իսկ պարտադիրը ապահովում է հուսալի մուտքեր, որ կարողանանք հուսալի խոստումներ տալ մարդանց։

Կատարյալ օրենք երբեք գրել հնարավոր չէր։ Առանցքային հարցերն այս օրենքում հստակ են։ Ժամանակի ընթացքում համակարգը, միանշանակ, կբերալվվի։ Էլ ավելի դյուրին ու քիչ ծախսատար կդառնա։ Այս պահին մեզ համար առաջնահերթ են հավաքագրումը, պատշաճ կառավարումն ու հատուցումները։

Աղբյուրը` http://hetq.am/arm/news/75705/parzabanumner-1000-dramneri-orenqi-veraberyal-pataskhanum-e-kb-i-masnagety.html

վերջին հրապարակումներ
ՊԵԿ-ը ՈՒժեղացնելու է Հսկողությունը ՀԴՄ Կտրոն Չտրամադրողների Նկատմամբ...
Hark.am-6854
ՊԵԿ-ը ՈՒժեղացնելու է Հսկողությունը ՀԴՄ Կտրոն Չտրամադրողների Նկատմամբ
ավելին
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-...
download
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ...
ավելին
«Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին համա...
secure (2)
«Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է...
ավելին